Back
Բիզնես

Ամեն ինչ բանկոմատների մասին

Ինչպե"ս օգտվել բանկոմատից անվտանգ և ապահով:

08.11.2022
Ամեն ինչ բանկոմատների մասին

Կար ժամանակ, երբ բանկի հետ որևէ գործարք անելու համար պարտադիր էր այցելել բանկ: Սակայն 1960-ականներին հայ գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանի գյուտը փոխեց աշխարհը` թույլ տալով մարդկանց ստանալ գումար և կատարել այլ բանկային գործառույթներ` առանց բանկ այցելելու կամ բանկային աշխատակցի հետ շփման:

Բանկոմատը (ATM - automated teller machine) էլեկտրոնային սարքավորում է, որը հնարավորություն է տալիս քարտով կառավարել բանկային հաշիվներն ու կատարել գործարքներ:

Բանկոմատի միջոցով կարելի է տեսնել Ձեր քարտի մնացորդը և կանխիկացնել գումար: Շատերը բանկոմատից օգտվում են հենց այս նպատակով: 

Սակայն ժամանակակից բանկոմատներն ունեն մի շարք հավելյալ հնարավորություններ`

  • մուտք անել կանխիկ գումար Ձեր քարտային հաշվին
  • կատարել տարադրամի փոխանակում
  • կատարել ծառայությունների վճարումներ
  • ստուգել կենսաթոշակային հաշիվը:

Evoca բանկոմատներով կարելի է նաև`

  • ակտիվացնել նոր ստացած քարտը.
    Քարտի ակտիվացման համար տեղադրեք Ձեր քարտը բանկոմատի մեջ, սեղմեք Քարտի ակտիվացում, մուտքագրեք Ձեր հեռախոսահամարին sms եկած ակտիվացման կոդը և սեղմեք Ուղարկել: Այնուհետև մուտքագրեք Ձեր նոր PIN կոդը, որից հետո ևս մեկ անգամ կրկնեք այն: Ձեր քարտն ակտիվ է:
  • փոխել քարտի գաղտնաբառը.
    Քարտի գաղտնաբառը փոխելու համար տեղադրեք Ձեր քարտը բանկոմատի մեջ, սեղմեք Այլ ծառայություններ, ապա PIN-ի փոփոխում, և հետևեք հրահանգներին:
  • կատարել անքարտ կանխիկացում.
    Անքարտ կանխիկացման համար EvocaTOUCH հավելվածով քարտային կամ այլ հաշիվներից կարող եք կանխիկացնել գումար` գեներացնելով 8-անիշ կոդ, ինչպես նաև` ակնթարթորեն գումար փոխանցել այլ անձանց` անկախ նրանից, թե նրանք ինչ բանկի հաճախորդ են։ Վերջիններս ստանալով համապատասխան SMS հաղորդագրությունը` կարող են մոտենալ ցանկացած Evoca բանկոմատի և Անքարտ կանխիկացում կոճակով վայրկյանական ստանալ ուղարկված գումարը: Մանրամասները կարող եք տեսնել այստեղ:

Այլ ծառայություններ բաժնում կարող եք նաև կատարել Քարտից քարտ փոխանցում կամ դիտել Ձեր կենսաթոշակային հաշվի քաղվածքը:

Evoca անհպում` NFC բանկոմատներով Դուք կարող եք նույնիսկ գումար կանխիկացնել Ձեր սմարթֆոնով կամ ժամացույցով` Apple Pay-ի միջոցով (գաղտնի հուշում` շուտով նաև Google Pay-ով): Պարզապես մոտեցրեք Ձեր հեռախոսը բանկոմատի այն մասին, որտեղ պատկերված է անհպում վճարման նշանը, այնուհետև մուտքագրեք գաղտնաբառը և կատարեք կանխիկացում:

Evoca բանկոմատների հասցեները կարող եք գտնել այստեղ:

Ինչպե՞ս գումար ստանալ բանկոմատից

Կախված բանկոմատի մոդելից` գումար կանխիկացնելու քայլերը կարող են տարբերվել, սակայն հիմնական լոգիկան նույնն է`

  • Տեղադրեք Ձեր քարտը բանկոմատում, իսկ NFC քարտի կամ սմարթֆոնի ու ժամացույցի դեպքում` պարզապես մոտեցրեք քարտը բանկոմատի NFC նշանին
  • Մուտքագրեք քարտի PIN կոդը
  • Ընտրեք կանխիկ գումարի չափն առաջարկվող տարբերակներից կամ մուտքագրեք գումարն ինքնուրույն
  • Վերցրեք կանխիկ գումարը բանկոմատի դրամարկղից
  • Հետևեք բանկոմատի էկրանի ցուցումներին՝ կանխիկացումն ավարտելու համար
  • Չմոռանաք վերցնել քարտը, եթե այն սկզբում տեղադրել էիք բանկոմատում:

Գործարքի վերջում թղթային կտրոն չպահանջելով (եթե վերջինիս անհրաժեշտությունը չկա)` Դուք կօգնեք նվազեցնել թղթի կիրառումը և պահպանել բնությունը: Իսկ գործարքի մասին տեղեկատվությունը կարող եք ստանալ sms-ով, կամ տեսնել այն Ձեր մոբայլ բենքինգի հավելվածում:

 

Որքա՞ն գումար կարող եք կանխիկացնել բանկոմատից

Գումարի կանխիկացման համար սովորաբար սահմանվում է 1 գործարքի, ինչպես նաև` օրական բոլոր գործարքների հանրագումարի առավելագույն սահմանաչափեր: Այս սահմանաչափերը որոշվում են Ձեր քարտը սպասարկող բանկի կողմից: Այդ գումարները կարելի է փոփոխել` այցելելով Ձեր բանկ:

Բանկոմատները նույնպես ունենում են կանխիկացման առավելագույն չափ: Evoca-ի բանկոմատներից 1 գործարքի ընթացքում կարելի է կանխիկացնել առավելագույնը 400,000 դրամ:

Արտերկիր ճանապարհորդելիս հաշվի առեք նաև, որ բանկոմատներից գումար կանխիկացնելիս Ձեզնից կգանձվի միջնորդավճար: Միջնորդավճարի չափը սովորաբար սահմանված է լինում Ձեր բանկի կողմից և ունենում է նվազագույն գումար, օրինակ` գումարից 1%, սակայն նվազագույնը` 1,500 դրամ: Evoca-ի քարտերի սպասարկման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ի՞նչ անել, երբ քարտը մնում է բանկոմատի մեջ

Բանկոմատից օգտվելու ընթացքում, եթե Ձեր քարտը պատահմամբ մնում է բանկոմատի մեջ, կարիք չկա անհանգստանալու: Կարող եք ընդհանրապես ոչինչ չանել: Քարտը, միևնույն է, կարճ ժամանակահատվածում կհանվի բանկոմատի միջից ու կփոխանցվի Ձեր բանկին: Ձեր բանկից կապ կհաստատեն Ձեզ հետ, և Դուք կկարողանաք վերցնել Ձեր քարտը` անձնագրով կամ նույնականացման քարտով:

Ցանկության դեպքում Դուք կարող եք բանկոմատի վրա նշված հեռախոսահամարով տեղեկացնել բանկոմատի բանկին, որ Ձեր քարտը բանկոմատի մեջ է մնացել, ինչպես նաև` զանգահարել Ձեր բանկ ու ժամանակավորապես բլոկավորել քարտը:

 

Անվտանգության խորհուրդներ բանկոմատից օգտվելիս

Մենք առանձնացրել ենք մի քանի խորհուրդ բանկոմատից անվտանգ օգտվելու համար, հատկապես` երբ ճանապարհորդում եք ու գտնվում Հայաստանից դուրս: 

  • Ուշ ժամերին ընտրեք ավելի լուսավորված, հսկողության տեսախցիկով կահավորված և բաց վայրերում տեղակայված բանկոմատներ: Բանկի ներսում կամ խանութներում տեղակայված բանկոմատն ավելի ապահով է, քան փոքր փողոցի չլուսավորված անկյունում գտնվողը: 
  • Մինչ բանկոմատից օգտվելը ուշադրություն դարձրեք` արդյոք բանկոմատի մոտակայքում կան կասկածելի անձինք: Նման մեկին նկատելու դեպքում ավելի լավ է այդ պահին գումարը չհանեք. վերադարձեք ավելի ուշ, կամ օգտվեք մեկ այլ բանկոմատից: 
  • Հայաստանից դուրս կարող եք հանդիպել drive-thru ATM-ներ: Սրանք բանկոմատներ են, որոնցից կարող եք օգտվել անմիջապես մեքենայի մեջից: Այս դեպքում մեքենայի դռները պարզապես պահեք կողպված: Գումարը հանելուց հետո աշխատեք չթողնել այն մեքենայում` երևացող հատվածում: Այն նկատելու դեպքում Ձեր մեքենայի պատուհանը կարող են կոտրել և հափշտակել գումարը:
  • Գաղտնի պահեք Ձեր քարտի PIN կոդը: Հասարակական վայրում վճարում կատարելիս և PIN կոդը մուտքագրելիս` ծածկեք ստեղնաշարը ձեռքով կամ այլ հարմար առարկայով: Եթե նկատում եք, որ ինչ-որ մեկը չափազանց ուշադիր է նայում ստեղնաշարին, կարող եք խնդրել նրան մի փոքր հեռու կանգնել` հարգելով Ձեր ֆինանսական տվյալների գաղտնիությունը:
  • Բանկոմատի մոտ կանգնած` գումարը մի հաշվեք. այն տեղավորեք դրամապանակի կամ պայուսակի մեջ:

Եվ վերջում` քարտի կորստի դեպքում անմիջապես կապ հաստատեք Ձեր բանկի հետ: Evocabank` 010605555 կամ 099605555 (Viber, WhatsApp, Telegram) կամ տեղում բլոկավորեք Ձեր քարտը EvocaTOUCH հավելվածում:

 

20 փաստ բանկոմատի մասին, որ դեռ չգիտես

  • Միջինում բանկոմատը կիրառվում է ամսական 300 անգամ:
  • Հայաստանում միջինում 100,000 մարդու հաշվարկով տեղադրված է 65 բանկոմատ:
  • Այսօր աշխարհում գործում է ավելի քան 5 միլիոն բանկոմատ:
  • Հայաստանում այսօր գործում է 1,116 բանկոմատ:
  • Ամենաշատ գումարը կանխիկացվում է ուրբաթ օրերին:
  • Խանութում բանկոմատ տեղադրելուց հետո խանութի վաճառքներն աճում են միջինում 20%-ով:
  • Առաջին բանկոմատները տրամադրում էին առավելագույնը 14 ԱՄՆ դոլարի գումար:
  • Բրազիլիայում կան PIN-ի փոխարեն մատնահետքով աշխատող բանկոմատներ:
  • Աշխարհում բանկոմատից կանխիկացման միջին գումարը 60 ԱՄՆ դոլար է:
  • Գերմանիայում, Դուբայում և ԱՄՆ-ում կան ոսկու բանկոմատներ, որոնցում կան 320 ոսկու ձուլակտոր: Ներկայումս աշխարհում կա նման 20 բանկոմատ:
  • Պակիստանի Ազգային պարկում` ծովի մակարդակից 4,879 մետր բարձրության վրա տեղադրված բանկոմատը գրանցվել է աշխարհի ռեկորդների Գինեսի գրքում` որպես աշխարհի ամենաբարձր կետում գտնվող բանկոմատ:
  • Միջինում մարդը բանկոմատից օգտվում է ամսական 7.4 անգամ:
  • Աշխարհում օրական տեղադրվում է 280 նոր բանկոմատ:
  • Անվտանգության համար Հայաստանի բանկոմատներում տեղադրված է հատուկ չմաքրվող ներկ: Եթե ինչ-որ մեկը ցանկանա վնասել բանկոմատը, թղթադրամները կներկվեն, և այլևս օգտագործման համար պիտանի չեն լինի:
  • Սկզբնական բանկոմատները 6-անիշ PIN-ով էին, սակայն երբ բանկոմատի ժամանակակից մոդելը պատենտավորած Ջոն Շեֆարդ Բարոնի կինը` Քերոլայնը, դժվարացավ հիշել 6-անիշ թիվը, նրա ամուսինը փոխեց սարքն ու այն սարքեց 4-անիշ PIN-ով:
  • Բանկոմատներից սկզբնական շրջանում օգտվում էին միայն խաղամոլները:
  • Բանկոմատներ կան անգամ Անտարկտիկայում. Wells Fargo բանկի 2 բանկոմատ տեղադրված են Անտարկտիկայի ՄկՄուրդո կայանում:
  • Կանադայում` Ուիսթլեր լեռան վրա, կան ski-thru բանկոմատներ հատուկ դահուկորդների համար: Դրանք ունեն դահուկներն ու ձեռնոցներն ամրացնելու հատուկ տեղեր, ինչպես նաև` ձեռքերը տաքացնող լամպեր:
  • Բանկոմատների առաջին մոդելները գումարը տրամադրելու հետ քարտը հետ չէին վերադարձնում: Այն հանվում էր բանկի աշխատակցի կողմից, իսկ քարտատերը վերցնում էր այն բանկից ամեն անգամ օգտվելուց հետո:
  • Չինաստանում առաջին բանկոմատը տեղադրվել է միայն 1987թ.: 


Բանկոմատի ստեղծման մանրամասն պատմությունը

Բանկոմատը նախագծել է հայ գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը 1939թ․-ին ԱՄՆ-ում: Արտոնագրել է բանկոմատի գյուտն ԱՄՆ-ում 1960թ. նոյեմբերի 15-ին` US patent 2960377:

Լյութեր Սիմջյանի կողմից արտոնագրված ավելի քան 200 գյուտերի ցանկում կարելի է գտնել բանկոմատը, ինքնանկարող տեսախցիկը, ինքնաթիռների թռիչքի արագության ցուցիչը, փոստի անվանակարգման ավտոմատ սարքը, հեռուստահուշարարը և այլն:

Սիմջյանը 15 տարեկանից աշխատել է Յեյլի բժշկական դպրոցի լուսանկարչական լաբորատորիայում: 1934թ. Սիմջյանը ստեղծում է ինքնանկարող սուսանկարչական սարքը, ինչի օգնությամբ նկարվող մարդն ինքն իրեն տեսնում էր հատուկ ամրացված հայելիում մինչ նկարվելը: Այսինքն` Սիմջյանը նաև առաջին selfie-ի հեղինակն է: 

Բանկոմատ ստեղծելու գաղափարն առաջանում է 1939թ.: Բանկերը թերահավատությամբ էին մոտենում հարցին, սակայն Սիմջյանը ստեղծում է սարքը և, կատարելագործելով սարքի հատկությունները, տարիների ընթացքում գրանցում շուրջ 20 արտոնագիր: Ընդ որում, Սիմիջյանն առանձին արտոնագրել է ինչպես թղթադրամի, այնպես էլ մետաղադրամի համար նախատեսված բանկոմատի գյուտերը։

1960թ. Սիմջյանը պայմանագիր է կնքում Citibank-ի հետ` իր սարքը 6 ամիս ժամկետով փորձնական շահագործելու մասին։ Սակայն 6 ամիս անց պայմանագիրը չի երկարաձգվում` զարմանալիորեն ոչ թե տեխնիկական անսարքությունների, այլ պահանջարկի սղության պատճառով. Մարդիկ պարզապես չէին օգտվում սարքից: Տարիներ անց, հասարակության աճող պահանջմունքին ընդառաջ գնալով` Սիմջյանի նախագծած բանկոմատները կրկին գործի դրվեցին՝ հիմք դնելով ֆինանսների պատմության մի նոր էջի:

Սիմջյանն առևտրային հաջողություններ է գրանցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ հայտնագործել է տարածության օպտիկական չափման մարզման սարքը, որն օգտագործվել է օդաչուների մարզումներում՝ գնահատելու համար ավիատեխնիկայի արագությունն ու միջտարածությունը։