Back
Բիզնես

Ֆինանսական ճգնաժամեր

ֆինանսատնտեսական ճգնաժամերը հանգեցնում են շահույթի ծավալների կրճատման, ֆոնդային ու ֆինանսական շուկաների անկայունության:

06.07.2020
Ֆինանսական ճգնաժամեր

Սակայն ճգնաժամերը նաև բացահայտում են տնտեսական համակարգում առկա թերությունները և օգնում շտկել դրանք։
Իսկ ճգնաժամ վերապրած պետություններն արդյունքում դառնում են առավել կենսունակ և արագ հարմարվում արտաքին միջավայրում տեղի ունեցող փոփոխություններին։

Վերհիշենք համաշխարհային մի քանի խոշոր ճգնաժամեր։

➖ 1857թ․ ճգնաժամ
Առաջին համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որը մեծ հարված հասցրեց ԱՄՆ-ի, Անգլիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի տնտեսություններին ու հասարակական կյանքին, տեղի է ունեցել 1857թ․:
Ճգնաժամը սկսվեց ԱՄՆ-ից. պատճառը երկաթուղային ընկերությունների զանգվածային սնանկացումն ու արժեթղթերի շուկայի փլուզումն էր, որին էլ հետևեց բանկային համակարգի ճգնաժամը: ԱՄՆ-ից ճգնաժամը փոխանցվեց Անգլիա, իսկ հետո նաև մայրցամաքային Եվրոպա: Բորսային տատանումները հասան անգամ Հարավային Ամերիկայի երկրներ: Ճգնաժամի ժամանակահատվածում ԱՄՆ-ում պողպատի արտադրությունը կրճատվեց 20%-ով, բամբակի օգտագործումը` 27%-ով: Անգլիայում ամենաշատը տուժեց նավաշինական արդյունաբերությունը, որի անկումը կազմեց 26%: Գերմանիայում պողպատի օգտագործումը կրճատվեց 25%-ով, Ֆրանսիայում պողպատի ձուլումը և բամբակի օգտագործումը` 13%-ով:

➖ 1873թ․ ճգնաժամ
Հերթական համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվեց 1873թ․ Ավստրիայում և Գերմանիայում:
Ճգնաժամը սկսվեց Լատինական Ամերիկայի երկրներից, ապա Գերմանիայում ու Ավստրիայում անշարժ գույքի չհիմնավորված թանկացում եղավ, որտեղ գների վերելքն ավարտվեց 1873թ. մայիսին, ապա Վիեննայի ֆոնդային բորսան փլուզվեց:
Վիեննային հետևեցին Ցյուրիխի և Ամստերդամի ֆոնդային բորսաները: ԱՄՆ-ում բանկային խուճապը սկսվեց Նյու Յորքի բորսայում արժեթղթերի կտրուկ անկմամբ:
Այս տնտեսական ճգնաժամը ամենաերկարն էր կապիտալիզմի պատմության մեջ. այն ավարտվեց միայն 1878թ․:

➖ 1929-1939թթ․ Մեծ դեպրեսիա (Սև հինգշաբթի) կամ Ուոլ Սթրիթ
Սա 20-րդ դարի ամենախոշոր ֆինանսական և տնտեսական աղետն էր: Շատերը կարծում են, որ Մեծ դեպրեսիայի պատճառը 1929թ․ Wall Street-ի բանկիրների ու ներդրումային ընկերությունների` փողի նկատմամբ ագահությունն էր, ինչը հետագայում էլ ավելի սրվեց ԱՄՆ կառավարության թերի որոշումների պատճառով:
Մեծ Դեպրեսիան տևեց գրեթե 10 տարի և հանգեցրեց եկամտի զանգվածային կորստի և գործազրկության բարձր մակարդակի։ 1933թ․ ճգնաժամի գագաթնակետին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը հասավ գրեթե 25%: Նյու Յորքի բորսայում բաժնետոմսերի կտրուկ անկում տեղի ունեցավ՝ 60-70% -ով։
Ամեն ինչ փլուզվեց մի գիշերում։ Այս ճգնաժամի ընթացքում արդյունաբերական արտադրությունն ԱՄՆ-ում նվազեց 46%-ով, Մեծ Բրիտանիայում ՝ 24%-ով, Գերմանիայում ՝ 41%-ով, Ֆրանսիայում ՝ 32%-ով: Պաշտոնական տվյալներով՝ 1933թ․ 32 զարգացած երկրներում գրանցված էր 30 մլն գործազուրկ, ԱՄՆ-ում ՝ 14 մլն:

➖ 1958թ․ Սուեզի ճգնաժամ
Եգիպտոսի կառավարությունը 1956թ. հուլիսի 26-ին ազգայնացրեց Սուեզի ջրանցքը: Իրենց խախտված դիրքերը Եգիպտոսում վերականգնելու և արաբական աշխարհում ազգային-ազատագրական շարժումներին հարված հասցնելու նպատակով Անգլիան և Ֆրանսիան, օգտագործելով Իսրայելին, ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Եգիպտոսի դեմ։
Սուեզի ջրանցքը փակվեց 6 ամսով, որի արդյունքում կրճատվեցին առևտրի ծավալները, բարձրացան ծախսերը և հետաձգվեցին առաքումները՝ ազդելով երկրի տնտեսության վրա։

➖ 1973թ. ճգնաժամ
ԱՄՆ-ում սկիզբ առած տնտեսական ճգնաժամն իր ընդգրկմամբ, տևողությամբ, խորությամբ և կործանարար ուժով զգալիորեն գերազանցեց 1957-58թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը և իր որոշ բնութագրերով ավելի մոտ էր 1929-33թթ. ճգնաժամին։
1973թ. տեղի ունեցավ նաև առաջին էներգետիկ ճգնաժամը, քանի որ նավթ արտահանող երկրների` ՕՊԷ-ի անդամները նավթի գները բարձրացնելու նպատակով նվազեցրին նավթի արդյունահանումը: 1973թ. հոկտեմբերի 16-ին նավթի մեկ բարելը թանկացավ 67%-ով` 3-ից հասնելով 5 դոլարի: 1974թ. նավթի մեկ բարելն արդեն արժեր 12 դոլար:

➖ 1997-1998թթ. Ասիական ճգնաժամ
Հարավարևելյան Ասիայի ֆինանսատնտեսական ճգնաժամն ուժգնացավ 1997թ․ հուլիսին և 1990-ականների վերջերին լուրջ ցնցում ստեղծեց համաշխարհային շուկայում: Ճգնաժամի իրական պատճառը «ասիական վագրերի»՝ Հարավային Կորեայի, Սինգապուրի, Հոնկոնգի և Թայվանի, աննախադեպ տնտեսական աճն էր, որը նպաստել էր դեպի այդ երկրներ կապիտալի զանգվածային ներհոսքին, պետական և կորպորատիվ պարտքի աճին, անշարժ գույքի շուկայում ցնցումներին:
1997թ․ մայիսին թաիլանդական բահտը (արժույթ) միջազգային սպեկուլյանտների կողմից ենթարկվեց զանգվածային հարձակումների: Հունիսին այն ընկավ կիսով չափ, իսկ Թաիլանդի արժեթղթերի շուկան՝ երեք քառորդով:
Հաջորդ ամսվա ընթացքում ճգնաժամը տարածվեց Ինդոնեզիայի, Մալայզիայի և Հարավային Կորեայի տնտեսության վրա: Քիչ չափով ճգնաժամն անդրադարձավ նաև Ճապոնիայի, Հոնկոնգի, Լաոսի, Ֆիլիպինների, Չինաստանի, Հնդկաստանի և Վիետնամի տնտեսությունների վրա:

➖ 2007-2009թթ. ճգնաժամ
1930թ. հետո ամենամեծ ֆինանսական ճգնաժամը սկիզբ է առել 2007թ. ամռանը, երբ մի շարք ֆինանսական հաստատություններ հայտարարեցին, որ մտադիր են դադարեցնել իրենց կարճաժամկետ վարկավորումները:
Այն սկսվեց ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում, այնուհետև դոմինոյի էֆեկտով տարածվեց տնտեսության այլ ոլորտներ ու երկրներ:
Հիփոթեքային ճգնաժամի հիմնական պատճառը թերևս ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում տնտեսական փուչիկի պայթյունն էր։
2007թ. ընթացքում նվազագույնը 100 ընկերություններ կա՛մ կասեցրին հիփոթեքներով գործունեությունը, կա՛մ լրիվ դադարեցրին իրենց գործունեությունը, կա՛մ վաճառվեցին։
Շատ ներդրողներ նախընտրեցին վաճառել իրենց ռիսկային հիփոթեքային պարտատոմսերը և ոչ կայուն արժեթղթերը՝ փոխարենը փողը ներդնելով ապրանքների մեջ, որը կապիտալի պահպանման միջոց էր։

➖ 2020թ․ Մեծ Անկում՝ մեր օրեր
Covid-19 համավարակի սպասվելիք հետևանքների կանխատեսումները խոսում են տնտեսական անկման և աշխատատեղերի կորստի մասին։
Այս անգամ հետևանքները կարող են ավելի վատը լինել, քան 12 տարի առաջ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի դեպքում։
Այս ճգնաժամն անորոշ է և նման չէ որևէ այլ ճգնաժամի։ Հետևանքները կախված են վիրուսի կանխարգելման միջոցների արդյունավետությունից:
Բացի այդ, շատ երկրներ այսօր առերեսվում են առողջապահական և ֆինանսական խնդիրների, հումքային ապրանքների գների անկման։ Մարդկության պատմության ընթացքում եղել են բազմաթիվ թե՜ ճգնաժամեր և թե՜ համավարակներ, սակայն մարդը դիմակայել ու հաղթանակով է դուրս եկել բոլոր փուլերից: