Back
Ներդրումներ

Ներդրումների կարելիներն ու չի կարելիները

Ներդրումներ կատարելիս՝ դժվար է կողմնորոշվել՝ որտեղի՞ց սկսել, ինչպե՞ս կայացնել որոշումներ: Այսօր կխոսենք ներդրումների կարելիների և չի կարելիների մասին:

23.04.2024
Ներդրումների կարելիներն ու չի կարելիները

"It's not whether you're right or wrong that's important, but how much money you make when you're right and how much you lose when you're wrong."

George Soros

Ֆինանսական ոլորտում ներդրումներ կատարելիս՝ երբեմն դժվար է կողմնորոշվել՝ որտեղից սկսել, ինչպե՞ս կայացնել որոշումները: Այսօր կխոսենք, թե ի՞նչ են խորհուրդ տալիս փորձագետները ներդրումներ կատարելիս կարելի և չի կարելիների մասին:

  • Ի՞նչ պետք է անել ներդրումներ կատարելիս։

 Գնահատել ռիսկերը: Տարբեր ներդրողների համար ռիսկի ընդունելի մակարդակը տարբեր է, և նախքան ներդրում կատարելը՝ ինքներդ ձեզ համար պետք է որոշեք, թե առավելագույնը որքա՞ն գումար եք պատրաստ կորցնել, եթե հանգամանքները դասավորվեն ոչ այնպես, ինչպես կանխատեսում էինք:

 Ինքնակրթվել: Ներդրում կատարելիս առաջին հերթին պետք է ուսումնասիրել, հասկանալ, թե ի՞նչ գործոններ են ազդում դրա վրա, և որո՞նք են ձեզ համար կարևոր որպես ուղենիշ, որոնց փոփոխությունը կարող է ձեզ համար ազդակ լինել հետագա գործողությունների պլանավորման համար: Շուկաներում փոփոխությունները բավականին արագ են ընթանում` հատկապես պայմանավորված վերջին ժամանակներում տեխնոլոգիական արագ զարգացմամբ, ու այդ ամենին զուգահեռ քայլելը կարևոր է ճիշտ որոշումներ կայացնելու համար:

 Իրականացնել դիվերսիֆիկացիա: Ներդրումային տարբեր ակտիվներ ենթադրում են փոխկապակցված տարբեր ռիսկեր, հետևաբար լավ տարբերակ է համարվում տարատեսակ ակտիվներում ներդրումներ կատարելը որոշ ռիսկերի ազդեցության չափն ամբողջ պորտֆելի վրա նվազեցնելու համար:

 Նախապես մշակել ռազմավարություն: Ներդրում կատարելուց առաջ մտածված ու մշակված գործողությունների հաջորդականությունը թույլ կտա շուկայական փոփոխվող պայմաններում արագ հասկանալ ազդակները ու դրանցից բխող քայլերը: Կայացվող որոշումների հիմնավորում․ սա է ընկած գրագետ ներդրումների հիմքում:

  • Ի՞նչ պետք չէ անել ներդրումներ կատարելիս։

 Մի հետևեք ամբոխին: Հետևել ուրիշներին ու կատարել ներդրումներ, որովհետև մյուսներն այդպես են անում. սա հաճախ հանդիպող սխալներից է: Եթե մեկ ուրիշը կատարում է նման ներդրում, սա երաշխիք չէ, որ նա ճիշտ է, կամ գուցե այդ ներդրումը մաս է իր որևէ ներդրումային ռազմավարության, որը ձեր դեպքում չի կարող բերել այն արդյունքին, որն ակնկալում էիք: Մյուսների կարծիքները լսելը, միևնույն գործողության հետևանքները տարբեր դիտանկյուններից քննարկելը օգտակար է, սակայն ներդրումները պետք է կատարվեն սեփական դատողությունների և ռազմավարության վրա հիմնվելով։

 Մի հիմնվեք բացառապես հավանականության վրա: Ներդրումներին վերաբերվեք մասնագիտորեն: Յուրաքանչյուր շարժընթացի հիմքում ընկած են դրդապատճառներ՝ աշխարհաքաղաքական, տնտեսական, հոգեբանական կամ այլ, դրանց խորությամբ ուսումնասիրության արդյունքում է հնարավոր կատարել կշռադատված որոշումներ:

 Մի կայացրեք էմոցիոնալ որոշումներ: Մեր որոշումների վրա ազդում են տարբեր գործոններ, և դժվար է առանց նախապես մշակված ռազմավարության չտրվել էմոցիաներին ու կատարել գործողություններ՝ ելնելով մեր վախերից կամ զայրույթից: Ներդրումներ կատարելիս պետք է առավելագույնս մի կողմ դնել էմոցիաները ու որևէ քայլ անելուց առաջ սթափ կշռադատել:

 Մի ներդրեք վերջին գումարը: Ներդրումներ կատարելով այն գումարով, որը նախատեսված է ընթացիկ ծախսերի համար՝ կավելացնեք էմոցիոնալ ճնշումը որոշումներ կայացնելիս, ինչը հաճախ թույլ չի տա կայացնել ռացիոնալ որոշումներ:

Եվ պետք է հիշել, որ յուրաքանչյուրս ներդրումներ կատարում ենք յուրովի՝ մեր կարիքներին ու տեսլականին համապատասխան: Ինքնուրույն, մտածված, հիմնավորված որոշումներն ու անընդհատ կրթությունն են, որ կարող են բերել ներդրումներից ակնկալվող արդյունքին:

 

Արժեթղթերում ներդրումների հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Ներդրումային գործառնությունների բաժնի հետ՝

Եթե բաց եք թողել մեր նախորդ բլոգը, անպայման կարդացեք այն և ավելի մանրամասն ծանոթացեք ներդրումների ու EvocaINVEST-ի մասին։

Իսկ առաջիկայում սպասեք ներդրումների մասին մեր նոր բլոգին։