Վերադառնալ
Բանկային

Evocabank. 20 մլն ԱՄՆ դոլար` շվեյցարական BlueOrchard-ից

Evocabank-ը ներգրավել է 20 մլն ԱՄՆ դոլար BlueOrchard Microfinance Fund-ից՝ Հայաստանում ՄՓՄՁ-ների ֆինանսավորման նպատակով։

08.12.2025
Evocabank. 20 մլն ԱՄՆ դոլար` շվեյցարական BlueOrchard-ից

Շվեյցարական BlueOrchard Finance Ltd-ի կողմից կառավարվող BlueOrchard Microfinance Fund-ի հետ համագործակցության շրջանակում Evocabank-ը ներգրավել է 20 մլն ԱՄՆ դոլար` ուղղված Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորման ծավալների ավելացմանը և ֆինանսական հասանելիության բարձրացմանը։

Սա Evocabank-ի առաջին համագործակցությունն է BlueOrchard-ի հետ: Այս գործընկերության արդյունքում կընդլայնվի Բանկի միջազգային ֆինանսական գործընկերային ցանցը, կապահովվի արտաքին ֆինանսավորման դիվերսիֆիկացիա, իսկ ՄՓՄՁ հաճախորդների համար կստեղծվեն էլ ավելի մրցունակ վարկային պայմաններ։

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «BlueOrchard-ի հետ այս համագործակցությունը կարևոր քայլ է մեր ռազմավարական նպատակների իրականացման համար։ Այն կընդլայնի Բանկի ներգրավվածությունը ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորման մեջ՝ թույլ տալով առաջարկել առավել շահավետ և ճկուն ֆինանսական լուծումներ մեր բիզնես հաճախորդներին»։

BlueOrchard-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելքի երկրների Ներգրավման ստորաբաժանման ղեկավար Կասպարս Դելինը հավելեց. «Evocabank-ի հետ համագործակցությունը և վարկի տրամադրումը արժեքավոր գործընկերային հարաբերությունների սկիզբն են: Այս համագործակցությունը կրկին հաստատում է BlueOrchard-ի պատրաստակամությունը նպաստել ՄՓՄՁ-ների ընդլայնմանը և երկրում ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարելավմանը: Մենք համոզված ենք, որ համատեղ ջանքերով մենք կօգնենք Հայաստանում հզորացնելու ձեռնարկատիրական գործունեությունը և ամրապնդելու կայուն զարգացումը»:

BlueOrchard Finance Ltd-ի մասին

BlueOrchard-ը միջազգային առաջատար ներդրումային կառույց է և Schroders Group-ի անդամ: 2024թ. դեկտեմբերի դրությամբ միկրոֆինանսավորման ոլորտում առաջատար BlueOrchard-ն իր ներդրումներով աջակցել է ավելի քան 300 մլն մարդու զարգացող և սահմանային երկրներում: Հիմնադրվելով ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 2001թ.-ին,՝ ընկերությունը սոցիալ-տնտեսական ազդեցությամբ ներդրումային լուծումներ է առաջարկում տարբեր տեսակի ակտիվների գծով:

Կայք՝www.blueorchard.com

Evocabank-ի մասին

Հիմնադրվելով 1990թ.՝ Evocabank-ը Հայաստանում գրանցված առաջին առևտրային բանկն է, որը 35 տարվա փորձառություն ունի բանկային համակարգում: Բանկի գլխամասը Երևանում է, իսկ 15 մասնաճյուղերը՝ Երևանում և մարզերում: Evocabank-ը թվային ժամանակակից ֆինանսական ծառայություններ է մատուցում ֆիզիկական անձանց, ՄՓՄՁ-ներին և խոշոր ընկերություններին: Բանկն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից «Հայաստանի ՓՄՁ լավագույն բանկ» և «Հայաստանի լավագույն թվային բանկ»: