Evocabank-ը COP17-ի շրջանակում մասնակցեց պանելային քննարկմանը
Լիլիթ Գաբոյանը՝ Evocabank-ի վարչության նախագահի տեղակալը ֆինանսական գծով, մասնակցեց Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված պանելային քննարկմանը։
29.10.2026
Հոկտեմբերի 26-ին Լիլիթ Գաբոյանը՝ Evocabank-ի վարչության նախագահի տեղակալը ֆինանսական գծով, մասնակցեց “The How: Financing Nature in Capital Markets” խորագրով պանելային քննարկմանը, որը կազմակերպվել էր Համաշխարհային բանկի խմբի կողմից Հայաստանում անցկացվող COP17-ի շրջանակում։
Այն միավորեց միջազգային կազմակերպությունների և ֆինանսական կառույցների ներկայացուցիչների՝ քննարկելու, թե ինչպես կարող են կապիտալի շուկաները նպաստել բնության պահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ֆինանսավորմանը։
Քննարկման ընթացքում Լիլիթ Գաբոյանն ընդգծեց Հայաստանում կայուն ֆինանսավորման աճող դերն ու ներկայացրեց Evocabank-ի քայլերը՝ ուղղված բնապահպանական ֆինանսավորման ընդլայնմանը` առանձնացնելով Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ Բանկի վերջին համագործակցությունը, որի նպատակն էր մշակել բնապահպանական ուղղվածություն ունեցող առաջին ֆինանսական գործարքը՝ կարևոր հիմք սահմանելով Հայաստանի ֆինանսական շուկայի համար։
Անդրադառնալով «կանաչ» և «բնապահպանական» ֆինանսավորման տարբերություններին՝ Լիլիթ Գաբոյանը նշեց, որ եթե առաջինը հիմնականում թիրախավորում է վերականգնվող էներգետիկան ու էներգաարդյունավետությունը, երկրորդը կենտրոնանում է էկոհամակարգերի պաշտպանության, բնության պահպանման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման խթանման վրա։
Հայաստանի հարուստ բնությունը, ինչպես նաև տնտեսության այնպիսի ճյուղերի կախվածությունը բնական պաշարներից, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը, նոր հնարավորություններ են ստեղծում բիզնեսի համար՝ ակտիվ ներդրում ունենալու շրջակա միջավայրի պահպանության գործում։ Այս համատեքստում Լիլիթ Գաբոյանը կարևորեց մասնավոր կապիտալի մոբիլիզացումը պետական ֆինանսավորմանը զուգահեռ, ինչը թույլ է տալիս ֆինանսական կառույցներին աջակցել բիզնեսներին՝ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը։
Evocabank-ը շարունակում է ընդլայնել կայուն ֆինանսավորման հնարավորությունները՝ ուղղելով ուշադրությունը այնպիսի ծրագրերին, որոնք երկարաժամկետ արժեք են ստեղծում բիզնեսի, տնտեսության և շրջակա միջավայրի համար։