Վերադառնալ
Բանկային

Evocabank-ը ներգրավել է $10 մլն ստորադաս փոխառություն FIM-ից

Evocabank-ը Finance in Motion-ի կողմից կառավարվող EFSE ու GGF հիմնադրամներից ներգրավել է 5-ական մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն։

05.10.2026
Evocabank-ը ներգրավել է $10 մլն ստորադաս փոխառություն FIM-ից

Evocabank-ը Finance in Motion-ի կողմից կառավարվող հիմնադրամներից ներգրավել է 10 միլիոն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն, որից 5 միլիոն ԱՄՆ դոլարը տրամադրվել է Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի (EFSE), իսկ 5 միլիոն ԱՄՆ դոլարը՝ Կանաչ աճի հիմնադրամի (GGF) կողմից։

Փոխառությունը տրամադրած երկու հիմնադրամները կառավարվում են Finance in Motion (FIM)-ի կողմից։ FIM-ը զարգացող և ձևավորվող շուկաներում կայուն զարգացմանն ուղղված ներդրումների մասնագիտացված կառավարիչ է, որը կառավարում է զարգացման ֆինանսավորման մի շարք հիմնադրամներ։ Դրանցից EFSE-ն կենտրոնացած է փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման, իսկ GGF-ն՝ կանաչ անցման, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի զարգացման վրա։

Ֆինանսավորումն ամրապնդում է Բանկի Երկրորդ մակարդակի կապիտալի բազան և նպաստում դրա կապիտալի համարժեքության հետագա բարելավմանը՝ Evocabank-ին հնարավորություն տալով ընդլայնել միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորումը՝ բիզնեսներին ապահովելով ֆինանսավորման ավելի մեծ հասանելիությամբ և աջակցելով դրանց շարունակական աճին ու զարգացմանը։

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Ստորադաս փոխառության միջոցով մեր կապիտալի բազայի ամրապնդումն էլ ավելի է նպաստելու Evocabank-ի աճին ու կայունությանը՝ միևնույն ժամանակ թույլ տալով ընդլայնել ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանում բիզնես ոլորտի զարգացմանը՝ առաջարկելով անհատականացված և կայուն ֆինանսական լուծումներ»։

EFSE-ի պորտֆելի կառավարիչ Յասմինկա Բեգերտը նշեց. «Այս ֆինանսավորման միջոցով EFSE-ն ամրապնդում է իր գործընկերությունը Evocabank-ի հետ և աջակցում է Բանկի՝ Հայաստանում ՄՓՄՁ-ների ավելի երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելու կարողությանը։ Հատկապես ողջունելի է այն հանգամանքը, որ ներդրումը կնպաստի նաև կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնմանը՝ նպաստելով ավելի ներառական տնտեսական աճին»։

GGF-ի Խորհրդի նախագահ Սայմոն Գուպտան նշեց. «Կանաչ վարկավորման ծավալներն ընդլայնելու կարողություն ու հավակնություն ունեցող ֆինանսական հաստատություններին աջակցելը GGF-ի առաքելության առանցքային ուղղություններից է։ Evocabank-ի հետ մեր գործընկերության հետագա ամրապնդման միջոցով մենք նպաստում ենք կայուն ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը և այնպիսի ներդրումների աջակցմանը, որոնք բարելավում են էներգաարդյունավետությունը, մրցունակությունը և Հայաստանի տնտեսական դիմակայունությունը»։

FIM-ի GGF-ի գծով տնօրեն Բորիսլավ Կոստադինովը հավելեց. «Evocabank-ը ցուցաբերել է կանաչ վարկավորման իր պորտֆելի զարգացմանն ուղղված կարևոր հանձնառություն։ Այս լրացուցիչ ներդրումը կօգնի Բանկին բավարարել էներգաարդյունավետ տեխնոլոգիաների, էլեկտրական շարժունակության և վերականգնվող էներգիայի լուծումների ֆինանսավորման աճող պահանջարկը»։

Evocabank-ը Հայաստանի առաջատար առևտրային բանկերից է, որը բազմաթիվ բանկային պրոդուկտներ և ֆինանսական ծառայություններ է առաջարկում անհատներին, անհատ ձեռնարկատերերին և բիզնեսներին։ Բանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) աջակցությանը, կայուն բիզնես աճի խթանմանն ու ֆինանսների հասանելիության ընդլայնմանը։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների և զարգացման ֆինանսավորման հիմնադրամների հետ համագործակցության միջոցով Evocabank-ը շարունակում է ամրապնդել իր ներուժը, որով իր ներդրումն է ունենում Հայաստանի մասնավոր հատվածի և տնտեսության զարգացման ֆինանսավորման գործում:

www.evoca.am

Finance in Motion-ը կառուցակարգում, կառավարում և խորհրդատվություն է տրամադրում շուրջ 4 միլիարդ եվրո ընդհանուր ծավալով 9 հիմնադրամի համար։ Այս մասնավոր հիմնադրամները տարածաշրջանային ֆինանսական հաստատությունների միջնորդությամբ, ինչպես նաև ուղղակի ներդրումների, խորհրդատվության և կարողությունների զարգացման ծրագրերի միջոցով նպաստում են մարդկանց և շրջակա միջավայրի համար դրական ազդեցության ստեղծմանը։ Գերմանիայում հիմնադրված Finance in Motion-ը, ավելի քան 15 տարի ներդրումներ է իրականացնում զարգացող շուկաներում։

www.finance-in-motion.com  

Հարավարևելյան Եվրոպայի համար եվրոպական ֆոնդը (EFSE)՝ հիմնադրված 2005 թվականին, ազդեցության ներդրումային ֆոնդ է, որի նպատակն է խթանել տնտեսական զարգացումն ու բարեկեցությունը Հարավարևելյան Եվրոպայում և Եվրոպական Արևելյան հարևանության տարածաշրջանում։ EFSE-ն ստեղծվել է KfW Development Bank-ի նախաձեռնությամբ՝ Գերմանիայի կառավարության և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ։ Որպես իր տեսակի առաջին հանրային-մասնավոր գործընկերություններից մեկը՝ EFSE-ն իր կապիտալը ներգրավում է դոնոր կազմակերպություններից, միջազգային ֆինանսական հաստատություններից և մասնավոր ինստիտուցիոնալ ներդրողներից։

www.efse.lu    

Կանաչ աճի հիմնադրամը (GGF) ներդրումներ է իրականացնում Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 19 շուկաներում էներգիայի սպառման և CO₂ արտանետումների նվազեցման, ինչպես նաև ռեսուրսների արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերում։ Հիմնադրամը ֆինանսավորում է վերականգնվող էներգետիկայի ծրագրեր, կորպորատիվ ընկերություններ, համայնքներ և ֆինանսական հաստատություններ՝ իր Տեխնիկական աջակցության հարթակի (Technical Assistance Facility) միջոցով։ GGF-ը հիմնադրվել է 2009 թվականին Գերմանիայի KfW Development Bank-ի և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) նախաձեռնությամբ։ Հիմնադրամն ունի ներդրողների լայն բազա, որը ներառում է դոնոր կազմակերպություններ, միջազգային ֆինանսական հաստատություններ և մասնավոր ներդրողներ։

www.ggf.lu