Կենսակերպ

Habit Tracker

Habit Tracker-ը պարզ, բայց արդյունավետ գործիք է, որն օգնում է ձեռք բերել օգտակար սովորություններ, հետևել առաջընթացին և գրանցել նոր արդյունքներ։

05.01.2026
Habit Tracker

Մենք հաճախ մտածում ենք, որ փոփոխությունների համար պետք են մեծ քայլեր։ Իրականում՝ ամենամեծ արդյունքները գալիս են ամենափոքր, բայց կրկնվող գործողություններից։ Այստեղ օգնության է գալիս Habit Tracker-ը։

Ի՞նչ է Habit Tracker-ը

Habit Tracker-ը գործիք է (թղթային, թվային կամ հավելվածի տեսքով), որն օգնում է հետևել ձեր առօրյա սովորություններին։ Ամեն օր նշումներ կատարելով՝ դուք ոչ միայն վերահսկում եք ընթացքը, այլ նաև մոտիվացնում ինքներդ ձեզ շարունակել։

Սովորություն կարող է դառնալ օրինակ՝
օրական 10 էջ գիրք կարդալը, 8,000 քայլ քայլելը, բավարար ջուր խմել, սոց․ ցանցերում ավելի քիչ ժամանակ անցկացնելը և այլն։

Ինչպե՞ս սկսել

✔️ Ընտրեք 1–3 սովորություն (ոչ ավել)
✔️ Որոշեք պարզ չափանիշ (կատարեցի / չկատարեցի)
✔️ Կատարեք նշումներ ամեն օր

Մեր ուղեղը շատ լավ է արձագանքում տեսողական առաջընթացին․ նշված օրերը ուղեղի համար փոքր «հաղթանակներ» են, որոնք խթանում են շարունակել։

Փորձագետները խորհուրդ են տալիս միաժամանակ շատ սովորություններ չսկսել, քանի որ դա արագ հանգեցնում է հոգնածության և մոտիվացիայի կորստի։

Habit Tracker-ը չի կարող փոխել ձեր կյանքը մեկ օրում։ Այն պարզապես օգնում է ձեռք բերել փոքր, բայց օգտակար սովորություններ։

Սա պարզ գործիք է, որը կարելի է օգտագործել աշխատանքի ընթացքում, ընդմիջման ժամանակ կամ օրվա վերջում՝ մի քանի նշումով ամփոփելու օրը։

Եթե նախընտրում եք թվային տարբերակը

Habit Tracker-ը կարող է լինել նաև թվային՝ տարբեր հավելվածների միջոցով։ Դրանք հարմար են նրանց համար, ովքեր սիրում են իրենց ամբողջ օրը, առաջադրանքներն ու նպատակները պահել մեկ հարթակում՝ հեռախոսի կամ համակարգչի մեջ։

Թվային Habit Tracker-ները հաճախ ունեն հիշեցումներ, վիճակագրություն և գրաֆիկներ։

Սակայն անկախ ձևաչափից՝ գաղափարը նույնն է՝ կրկնել փոքր գործողությունները, հետևել դրանց և աստիճանաբար դարձնել սովորություն։

Habit Tracker-ի լավագույն հավելվածները

Habit Tracker / Loop / Streaks
Պարզ և հարմար հավելվածներ են, որոնք թույլ են տալիս օրական նշել կատարած սովորությունները, տեսնել առաջընթացի գրաֆիկները և ստանալ հիշեցումներ։

Notion
Հարմար է նրանց համար, ովքեր սիրում են անհատականացված համակարգեր։ Թույլ է տալիս ստեղծել սեփական Habit Tracker-ները՝ համադրելով օրացույց, նշումներ և նպատակներ մեկ տեղում։

Google Sheets կամ Excel
Պարզ, բայց արդյունավետ տարբերակ է նրանց համար, ովքեր սիրում են վերահսկել ամեն ինչ թվերով։