Back
Կենսակերպ

2021-ի ամենասպասված 21 սերիալները

Ի՞նչ սպասել 21-ի կինոաշխարհից․ սուպերհերոսներ, պատմական, ֆանտաստիկ և միստիկ կերպարներ, ռետրո, նորաձևություն և ավելին

18.01.2021
2021-ի ամենասպասված 21 սերիալները

Ձեզ ենք ներկայացնում 2021-ի #mustwatch սերիալները՝ ըստ պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների, ինչպես նաև ինֆորմացիայի արտահոսքի:

1․ Wanda Vision

Marvel-ը 2021-ը սկսում է շատ բուռն՝ գրեթե բոլոր սիրված սուպերհերոսներին spin-off-ներ բաժանելով։ Բացումն արդեն եղել է Վանդայի և Վիժնի կյանքի միստիկ ներկայացմամբ։ 1960-ականների Ամերիկա, սուպերհերոսների ընտանեկան հանգիստ ու խաղաղ կյանք, և հեռուստադիտողի զարմացած հայացք մինչ այն պահը, երբ հասկանում ենք, որ նրանց կյանքի խաղը չի համապատասխանում իրականությանը։

2. Superman & Lois

DC-ն նույնպես իր ֆաներին ուրախացնելու առիթ ունի։ Երկար դադարից հետո՝ փետրվարի 23-ին, էկրաններին է վերադառնում շատերի սիրելի կարմիր ու կապույտ հագուստով սուպերհերոսը։ Լոիսն ու Քլարք Քենթն ամբողջությամբ նվիրվել էին իրենց երկու թինեյջերների դաստիարակմանը: Արդյո՞ք նրանք կկարողանան պահպանել բալանսն ընտանեկան և սուպերհերոսի կյանքի միջև։

3. Bliss

Amazon Prime-ը ներկայացրեց ֆանտաստիկ մելոդրամայի թրեյլերը, որը հեռուստադիտողին հասանելի կլինի փետրվարի 5-ից։ Ամուսնալուծությունից հետո Գրեգը հանդիպում է փողոցում ապրող Իզաբելին, որն ամեն կերպ փորձում է համոզել Գրեգին, որ կյանքը զուտ համակարգչային իլյուզիա է։ Ֆիլմի ստեղծողներն այս սյուժեով փորձել են ցույց տալ, թե որքան փխրուն ու ենթարկվող է մարդկային ուղեղն աշխարհընկալման և տարբեր տեսակետների ընկալման հարցում։

4. The Falcon and The Winter Soldier

Եվս մեկ պատմություն Marvel-ի սիրված սուպերհերոսների մասին։ Գլխավոր հերոսները՝ Սեմ Ուիլսոնը, որը Կապիտան Ամերիկայից ստացավ նրա վահանն ու անունը, և Բակի Բարնսը, որը դեռևս չի համակերպվել ժամանակակից կյանքին, պայքարելու են ահաբեկիչների դեմ՝ փրկելով աշխարհը։ Պրեմիերան նախատեսվում է մարտի 19-ին։

5. Loki

Marvel-ի ամենահմայիչ, ամենախարիզմատիկ և ամենախորամանկ սուպերհերոս ու Աստված Լոքին կվերադառնա մայիսին։ Շատ շուտով կտեսնենք, թե ինչպես է նա ճանապարհորդում ժամանակի մեջ՝ օգտագործելով Տեսերակտը, և փորձում փոփոխել մարդկության պատմությունը։ Կարոտել եք չէ՞ այս չարաճճի կերպարին

6. Zack Snyder's Justice League

Իսկ հիմա կրկին ուրախանալու առիթ ունեն DC-ի ֆաները, քանի որ հենց այդ ֆաների բազմաթիվ բողոքների ու պահանջների շնորհիվ է վերսկսվում Զակ Սնայդերի «Արդարության լիգա»-ն։ Դեռ 2020թ․ փետրվարին հայտարարվեց, որ այս նախագիծը կվերսկսվի մինի սերիալի ֆորմատով, և դերասանական կազմին կմիանա Ջարեդ Լետոն իր Ջոկերի կերպարով։ Ըստ տեղեկությունների՝ պրեմիերան կկայանա մարտ ամսին։

7. Hawkeye

Marvel-ի սուպերհերոսները հերթով վերադառնում են։ Բազեի աչքը որպես վրիժառու անցնում է թոշակի, որից հետո ստանձնում է մարզիչի դեր։ Լեգենդար նետահարը պետք է մարզի իր իրավահաջորդին՝ Քեյթ Բիշոփին, որը մանկուց հետաքրքրված էր նետաձգությամբ։ Ի դեպ, Քեյթը միլիոնատիրոջ աղջիկ է, իսկ թե դա էր իրական պատճառը նրա իրավահաջորդ դառնալու մեջ՝ կիմանանք տարվա վերջում:

8. Ms Marvel

Այս նոր սուպերհերոսուհուն Marvel-ը փորձում է որոշ չափով գաղտնի պահել և դեռ շատ քիչ է լուսաբանում։ Հայտնի է, որ այս տարվա վերջում կինոաշխարհը կունենա նոր սուպերհերոս, իսկ գլխավոր դերակատարը կլինի կինոաշխարհում իր առաջին քայլն անող Իման Վելանին (տեսնես նրա հայրն էլ է՞ միլիոնատեր)։

9. Mare of Easttown

Այս տարվա մեջ HBO Max-ը մեզ կներկայացնի սերիալ, որի դեպքերը կզարգանան ամերիկյան փոքրիկ քաղաքում։ Գլխավոր հերոսուհին՝ Քեյթ Ուինսլեթը, հանդես կգա խուզարկուի դերում, որն իր ողջ ժամանակը տրամադրում է աշխատանքին՝ տեղ չտալով անձնական կյանքին։


10. The Book of Boba Fett

Հիանալի նորություն Star Wars-ի սիրահարների համար։ The Mandalorian-ն այնքան սիրվեց, որ անգամ spin-off ստացավ։ Բոբա Ֆետը վերադառնում է, իսկ նրա պատմությունը դեռ նոր է սկսվում։ «Աստղային պատերազմների» սիրված սուպերհերոսին էկրաններին կտեսնենք այս տարվա դեկտեմբերին։


11. The Witcher (season 2)

Այո՛, այո՛, համաձայն ենք․․․ Կինոաշխարհի ամենասպասված նորություններից մեկը «Կախարդ»-ի վերադարձն է։ Համաձայն աղբյուրների՝ նոր եթերաշրջանը կէկրանավորվի այս տարվա վերջին։ Սպասում եք, չէ՞։


12. Lupin

Սիրված դերասան Օմար Սին մարմնավորում է Արսեն Լուփինին՝ ժամանակակից ջենթլմեն գողին։ Իր դերի մասին Օմար Սին ասել է, որ եթե ինքը լիներ բրիտանացի, ապա կանվանվեր Ջեյմս Բոնդ, բայց քանի որ ֆրանսիացի է, ուրեմն՝ Արսեն Լուփին. «Նա զվարճալի է, խելացի, զբաղվում է գողությամբ և շրջապատված է կանանցով: Բացի այդ, նա հերոս է: Սա դերասանի համար հնարավոր լավագույն դերն է»: Սերիալի 5 մասերն արդեն հասանելի են համացանցում, իսկ կինոմաններն այն արդեն անվանել են 2021-ի առաջին ամենապահանջված սերիալը։


13. Vikings (final season)

Օրեր առաջ վերսկսվեց Vikings-ի վերջին՝ 6-րդ եթերաշրջանը։ Եվս մի քանի էպիզոդ, և մենք ստիպված կլինենք հրաժեշտ տալ մեր սիրված հերոսներին։ 2013-ին՝ առաջին եթերաշրջանի ցուցադրումից անմիջապես հետո, պարզ դարձավ, որ պատմական դրաման ունի ֆաների հսկայական խումբ։ «Յուրաքանչյուր եթերաշրջանը մեր կյանքին նոր իմաստ էր տալիս», - ասում էին նրանցից ոմանք։ Շատերն ապրում ու տառապում էին կերպարների հետ՝ հասնելով ֆանատիզմի։ Դիտեք վերջին եթերաշրջանը մարդկային հզոր կերպարների մասին, որոնք ապրում էին ամենադժվար դարաշրջաններից մեկում՝ Վիկինգների դարաշրջանում։


14. Friends Reunion

Մեր բոլորի «Ընկերներ»-ի վերամիավորման մասին դեռ երկար տարիներ խոսում էին, իսկ հիմա արդեն պաշտոնապես կարող ենք հայտարարել դրա մասին։ Սա թերևս 2021-ի ամենաոգևորիչ նորություններից է։ Թե ինչ ժանրով է ներկայացվելու ընկերների կյանքը՝ դեռ հստակ չէ, բայց այն, որ նրանք վերադառնում են, պարզապես հրաշալի է։


15. See (season 2)

Ի սկզբանե Apple TV-ն շատ մեծ շեշտ էր դրել այս սերիալի վրա և անգամ հրավիրել կանանց կողմից շատ սիրված Ջեյսոն Մամոային։ Անխոս սա այն սերիալներից էր, որ հավասարաչափ և՛ սիրվեց, և՛ քննադատվեց։ Այս գարնանը կտեսնենք 2-րդ եթերաշրջանը։ Ո՛չ մի սփոյլեր և թրեյլեր․ սպասենք և կտեսնենք․․․


16. Emily in Paris (season 2)

Սերիալ նորաձևության, զավեշտալի պատմությունների, ընկերության և սիրային հարաբերությունների մասին, անկրկնելի դերակատարում և հմայիչ դերասանուհի։ Պաշտոնապես հաստատվել է սերիալի 2-րդ եթերաշրջանի լուրը, բայց ժամկետների հետ կապված ոչ մի հստակ տվյալներ չկան։ Ըստ ասեկոսեների՝ նկարահանումները կսկսվեն գարնանը, իսկ սերիալի նոր եթերաշրջանը մեզ հասանելի կլինի այս տարեվերջին:

17. Stranger Things (season 4)

Netflix-ը կրկին ուրախացնելու առիթ ունի։ Սերիալի 3 եթերաշրջաններն այնքան էին սիրվել հեռուստադիտողների կողմից, որ 4-րդն իրեն երկար սպասեցնել չի տա։ Իհարկե, սյուժեի հեղինակները վստահ են, որ 5-րդը կլինի եզրափակիչ եթերաշրջան, բայց այս տարի անհամբեր սպասում ենք 4-րդին։

18. The Lord Of The Rings

Amazaon-ը հաստատեց Մատանիների Տիրակալի նոր եթերաշրջանի մասին տարածված լուրերը։ Դեպքերը մեզ կտանեն անցյալ դարերի խորքեր, երբ ծաղկում և վերանում էին թագավորություններ, երբ հերոսների կյանքը կախված էր թելից, իսկ հզոր չարագործը սպառնում էր կործանել աշխարհը․․․Այս պահին Նոր Զելանդիայում նկարահանվում է միաժամանակ 2 եթերաշրջան։ Մենք համբերատար սպասում ենք:

19. Sex and The City

Սերիալի նկարահանումների մեկնարկի կամ ավարտի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չկա, բայց այն, որ չորս գրավիչ, նորաձև և ճակատագրական կանայք այս եթերաշրջանում կլինեն երեքով՝ դա հաստատ է։ Հուսանք առանց Սամանտայի Sex and The City-ին չի դառնա ʎʇıƆ ǝɥ⊥ puɐ...

20. Peaky blinders (season 6)

Ասում են, որ, հնարավոր է, այս տարվա վերջում նրանք վերադառնան։ Գրեթե ամեն ինչ պատրաստ է՝ կոստյումները, նկարահանման վայրերը, ամեն-ամեն ինչ․․․ Լուրեր են տարածվել, որ սերիալում Հիտլերին պետք է մարմնավորի Միստր Բինը, օ՜յ, ներեցեք, Ռոուեն Էտկինսոնը։ Չեն խոստանում, բայց գիտեն, որ իրենց սպասում են։


21. La Casa De Papel (season 5)

Դե իսկ հայերի կողմից, երևի թե, ամենասպասված սերիալը կլինի մեր սիրելի Հովիկ Կեուչկերյանի մասնակցությամբ La Casa De Papel-ը։ Կարծում ենք՝ սերիալի մասին պատմելու կարիք չկա, քանի որ բոլորդ լավ տեղյակ եք։ Բացի նոր պերսոնաժներից և ֆանտաստիկ հանգուցալուծումներից,մեզ նաև անակնկալներ են սպասում․․․ Նկարահանումներն արդեն տեղի են ունեցել, և մենք անհամբեր սպասում ենք պրեմիերայի պաշտոնական օրվա հրապարակմանը։ Ի դեպ, այստեղ կարող եք շատ հետաքրքիր թեստ անցնել և փորձել գուշակել5-րդ եթերաշրջանի զարգացող դեպքերը, իսկ լավագույն արդյունքը գրանցողներնանակնկալ կստանան Evocabank-ի կողմից։

Bonus. Your Hunor

Դե իսկ վերջում բոնուսի կարգով ներկայացնում ենք Your Honour-ը։ Սերիալ, որը հանրությանը ներկայացվեց դեռ 2020-ի դեկտեմբերին և շարունակվում է մինչ օրս։ Your Honour-ը բաղկացած է ընդամենը 10 էպիզոդից և գլխավոր դերում է աշխարհի ամենաբարձր ռեյտինգ ունեցող սերիալի՝ Breking Bad-ի գլխավոր հերոսը՝ Բրայան Կրենստոնը։ Նրա ներկայությունը ապահովում է սերիալի նկատմամբ բարձր հետաքրքրվածություն: Ակնկալվում է, որ այս սերիալը նույնպես կհամալրի լավագույնների շարքը։ Շատ շուտով կներկայացնենք 2021-ի ամենասպասված ֆիլմերը։

Բազմոցին տեղ ամրագրի՛ր՝ շուտով միասին կվայելենք թույն ֆիլմերով երեկոներ։