Evocabank-ը և IFC-ն մեկնարկում են բնապահպանական առաջին ծրագիրը
IFC-ն Evocabank-ին տրամադրել է 10 մլն դոլարի վարկ` Հայաստանում ՄՓՄՁ-ներին աջակցելու, աշխատատեղեր ստեղծելու և բնապահպանական ծրագրեր ֆինանսավորելու համար։
26.10.2026
Evocabank-ը 10 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում է ներգրավել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC)՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորումն ընդլայնելու նպատակով, ինչը կարևոր իրադարձություն է Հայաստանում կայուն ֆինանսավորման զարգացման համար։ Ֆինանսավորման մի մասն ուղղվելու է բնապահպանական ուղղվածություն ունեցող, սահմանված չափանիշներին համապատասխանող ծրագրերին։ IFC-ն նաև խորհրդատվական աջակցություն է տրամադրում Evocabank-ին՝ օգնելով բացահայտել և ֆինանսավորել այն ձեռնարկություններն ու նախագծերը, որոնք նպաստում են բնության պահպանությանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը։
Սա Եվրոպայի տարածաշրջանում IFC-ի՝ բնապահպանական ուղղվածություն ունեցող առաջին նպատակային ֆինանսավորումն է, որը նոր հնարավորություններ է ստեղծում բնության պահպանությանն ու բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը նպաստող բիզնեսներին աջակցելու համար։ Այս գործարքն ընդլայնում է կայուն ֆինանսավորման շրջանակը՝ բնապահպանական գործոններն առավել անմիջականորեն ինտեգրելով վարկավորման գործընթացում և խրախուսելով այնպիսի ներդրումներ, որոնք տնտեսական արժեք ստեղծելու հետ մեկտեղ ապահովում են դրական արդյունքներ շրջակա միջավայրի համար։
Ի տարբերություն «կանաչ» ֆինանսավորմանը, որը հաճախ կենտրոնանում է վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության վրա, բնապահպանական ֆինանսավորումը կապիտալն ուղղում է բնության պահպանությանն ու բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը նպաստող գործունեությանը։ Կայուն ֆինանսավորման այս զարգացող ուղղությունը նոր հնարավորություններ է ընձեռում բիզնեսներին՝ բնության պահպանության սկզբունքները ներառելու իրենց ներդրումային որոշումներում։
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Evocabank-ում մենք հավատացած ենք, որ ժամանակակից ֆինանսական կազմակերպությունների դերը չի սահմանափակվում միայն ֆինանսավորում տրամադրելով։ Այն ենթադրում է նաև կապիտալի ուղղորդում դեպի այնպիսի նախաձեռնություններ, որոնք երկարաժամկետ արժեք են ստեղծում տնտեսության և շրջակա միջավայրի համար։ IFC-ի հետ մեր գործընկերությունը կարևոր քայլ է այս ճանապարհին, քանի որ սա Եվրոպայի տարածաշրջանում բնապահպանական նպատակային ֆինանսավորման առաջին գործարքն է։ Այս համագործակցության նպատակն է աջակցել այն բիզնեսներին, որոնք նպաստում են բնության պահպանությանն ու բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը։ Մենք սա դիտարկում ենք որպես Հայաստանում կայուն ֆինանսավորման սահմաններն ընդլայնելու հնարավորություն և ապացուցում ենք, որ տնտեսական զարգացումն ու բնության պահպանությունը կարող են ընթանալ ձեռք ձեռքի տված»։
IFC-ի՝ Արևմտյան Բալկանների և Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Wiebke Schloemer-ը նշեց. «Փոքր բիզնեսները խթանում են Հայաստանի տնտեսական աճը, նորարարությունն ու զբաղվածությունը, սակայն դրանցից շատերը բախվում են անհրաժեշտ ֆինանսավորում ստանալու դժվարությունների։ Evocabank-ում մեր ներդրումը, որը ներառում է նաև բնապահպանական բաղադրիչ, նպատակ ունի հեշտացնել փոքր բիզնեսների ֆինանսավորման հասանելիությունը, այդ թվում՝ այն ձեռնարկությունների համար, որոնք ներդրումներ են կատարում բնության համար բարենպաստ նախագծերում։ Սա կօգնի նրանց զարգանալ և ստեղծել նոր աշխատատեղեր՝ միաժամանակ պահպանելով այն բնական ռեսուրսները, որոնցից կախված են գյուղատնտեսության արտադրողականությունը, մարդկանց կենսամիջոցները ու համայնքները»։
Evocabank-ը Հայաստանի առաջատար առևտրային բանկերից մեկն է, որը մատուցում է բանկային պրոդուկտների և ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական անձանց, ձեռնարկատերերին և կազմակերպություններին։ Բանկը մեծ ուշադրություն է դարձնում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) աջակցությանը՝ խթանելով բիզնեսի կայուն աճը և ապահովելով ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների և զարգացման ֆինանսավորման հիմնադրամների հետ գործընկերության շնորհիվ Բանկը շարունակում է ընդլայնել իր կարողությունները՝ տրամադրելու ֆինանսավորում, որը նպաստում է Հայաստանի մասնավոր հատվածի և տնտեսության զարգացմանը։
IFC-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.ifc.org
Այլ նորություններ
-
Evocabank-ը ներգրավել է $10 մլն ստորադաս փոխառություն FIM-ից
05.10.2026
-
Գործարքների արգելափակում 1 կոճակով
01.06.2026
-
Ba3 վարկանիշ Moody’s-ից Evocabank-ին
18.08.2026