Evoca-ն հուշագիր է ստորագրել CCI France Armenia-ի հետ
Համագործակցությունը կխթանի Հայաստանում ֆրանսիական բիզնեսների զարգացումը՝ ապահովելով նոր ֆինանսական հնարավորություններ։
15.12.2025
Evocabank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի (CCI France Armenia) հետ՝ Հայաստանում ֆրանսիական տնտեսական գործունեության զարգացումը խթանելու և 2 երկրների միջև հարաբերություններն ավելի ամրապնդելու նպատակով։
Համագործակցության արդյունքում Evocabank-ը կտրամադրի արտոնյալ բանկային ծառայություններ այն ֆրանսիական ընկերություններին, որոնք գործում են կամ նախատեսում են գործունեություն ծավալել Հայաստանում։
Պալատն իր հերթին կնպաստի Evocabank-ի և ֆրանսիական ընկերությունների միջև գործարար կապերի ձևավորմանը, ինչպես նաև Բանկի ծառայությունների ներկայացմանը Հայաստանից դուրս։
Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի հետ մեր համագործակցությունը ևս մեկ ռազմավարական քայլ է գործընկերային կապերի ընդլայնման, միջազգային համագործակցության և Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կհանգեցնի նոր հաջող նախագծերի իրականացմանը՝ էլ ավելի ամրապնդելով Evocabank-ի դերը հայկական և ֆրանսիական բիզնեսների աջակցության գործում: Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանում Ֆրանսիայի Առևտրաարդյունաբերական պալատի թիմին նրանց վստահության համար և համոզված եմ, որ մեր գործընկերությունը երկարաժամկետ և արդյունավետ կլինի»:
CCI France Armenia-ի նախագահ Տիգրան Առաքելյանը նշեց. «Evocabank-ը դարձել է հայաստանյան շուկայի առաջատար բանկային խաղացողներից մեկը: Մենք ընդլայնելու ենք համագործակցությունը Բանկի հետ՝ այն էլ ավելի ինտեգրելով ֆրանսիական կորպորատիվ միջավայրում: Համոզված եմ, որ ֆրանսիական ընկերությունների դուստր ձեռնարկությունները և ֆրանսիական բրենդների պաշտոնական ներկայացուցիչները կշահեն այս համագործակցությունից, որը կընդլայնի Ֆրանսիայի տնտեսական ներկայությունը և ֆրանսիական ապրանքների շրջանակը հայաստանյան շուկայում: Evocabank-ը Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի նոր կարևոր գործընկերներից մեկն է, և այն կնպաստի ֆրանս-հայկական առևտրային հարաբերությունների զարգացմանը: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանին՝ այս ուղղությամբ նրա ներդրած զգալի ջանքերի համար»:
Այս հուշագիրը ստորագրվել է Ժան Մազեջյանի (Amundi-ACBA, տնօրեն), Արամ Խաչատրյանի (Galaxy Group-ի համահիմնադիր), Կարեն Շախմուրադյանի (Renault Armenia-ի համասեփականատեր) և Վաչե Արսենի (Yerevan City-ի գործադիր տնօրեն) ներկայությամբ:
CCI France Armenia-ի մասին
Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը (CCI France Armenia), որի նախագահն է Տիգրան Արաքելյանը, նպաստում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, աջակցում ֆրանսիական ընկերությունների հիմնադրմանն ու գործունեությանը Հայաստանում, ինչպես նաև օգնում է հայկական ընկերություններին զարգացնել իրենց միջազգային ներուժը։
Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատը հանդիսանում է CCI France International ցանցի անդամ, որը միավորում է 120 պալատ 95 երկրներում՝ ներկայացնելով շուրջ 33,000 ընկերություն։
Բացի այդ, Պալատը նաև Alliance des Patronats Francophones կազմակերպության անդամ է, որն առաջին միջազգային հարթակն է, որ նպատակ ունի կառուցել և զարգացնել տնտեսական համագործակցությունը ֆրանկոֆոն գործարար համայնքների միջև՝ 36 երկրների կողմից ներկայացնելով ավելի քան 1 մլն գործող բիզնեսներ։
Կայք՝ https://www.ccifrance-armenie.com/hy.html
Evocabank-ի մասին
Հիմնադրվելով 1990թ.՝ Evocabank-ը Հայաստանում գրանցված առաջին առևտրային բանկն է, որը 35 տարվա փորձառություն ունի բանկային համակարգում: Բանկի գլխամասը Երևանում է, իսկ 15 մասնաճյուղերը՝ Երևանում և մարզերում: Evocabank-ը թվային ժամանակակից ֆինանսական ծառայություններ է մատուցում ֆիզիկական անձանց, ՄՓՄՁ-ներին և խոշոր ընկերություններին: Բանկն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից «Հայաստանի ՓՄՁ լավագույն բանկ» և «Հայաստանի լավագույն թվային բանկ»: